Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Եվ խոսեց Մայր Աթոռը

Եվ խոսեց Մայր Աթոռը
27.07.2019 | 14:16

Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որ այս ամառվա սկանդալների շղթայում մի օղակ է: Առաջին հայացքից՝ կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը: Բայց այդ «անմեղ» պաշտպանությունն ու կանխարգելումը լակմուսի թղթի պես ի հայտ բերեց հետհեղափոխական Հայաստանի տարատեսակ հակասությունները: Նախ հասկացանք, որ թավշե հեղափոխությունից հետո իշխանությունը Հայաստանում ոչ թե ժողովրդին է անցել, այլ հկ-ներին, ընդորում՝ ոչ բոլոր, այլ խիստ ընտրովի հկ-ներին, որ «քայլել են», գուցե նաև ֆինանսավորել «քայլածներին»: Հետո հասկացանք, որ իշխանությունը փորձում է ԵՄ պահանջ ներկայացնել կոնվենցիայի վավերացումը, բայց կան ԵՄ անդամներ, որ չեն վավերացրել, չեն վավերացնելու կոնվենցիան՝ որակելով հակասահմանադրական, ու… դեռ գոյություն ունեն: Եվս մի վարկած առաջքաշվեց, որ «չենջ» է կատարվում՝ ԱԺ-ն կվավերացնի կոնվենցիան, Վենետիկը աչք կփակի, թե իշխանությունը ինչ կանի ՍԴ-ում ու ՍԴ-ի հետ: Իմացանք նաև, որ արձակուրդ գնալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին պատվիրել է ուսումնասիրել կոնվենցիան, իսկ նրանց, որ դեմ են, պարզապես լռել ու ավել-պակաս չխոսել: ԱԺ-ն, իհարկե, կարող է վավերացնել կոնվենցիան, նույնիսկ եթե ԲՀԿ+ԼՀԿ-ն դեմ լինեն: Բայց այդ վավերացումը հերթական ոսկորն է լինելու ու մնալու է իշխանության կոկորդում, որովհետև հեղափոխություն եղել է, թե չի եղել, կա մենթալիտետ ու կան ազգային անվտանգության խնդիրներ, որ կարող են իշխանության մակարդակով չգիտակցվել կամ անտեսվել ու արհամարհվել, նույնիսկ պաշտպանվել հասարակության հկ-ացված մասով, բայց երբեք չի ընդունի ժողովուրդը՝ թե ինքնապաշտպանության բնազդով, թե պարզ տրամաբանությամբ: Եթե նույնիսկ ամբողջ աշխարհն ընդունի երրորդ սեռի գոյությունը և մարդու իրավունքը՝ անձամբ իր սեռը որոշել իր սեփական զգացողությամբ, այդ անբնական հիմարությունը հայերի համար չէ: Մի քանի օր առաջ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ եղան քննարկումներ ու նշվեց, որ քննարկումները շարունակվելու են: Հենց այդ շրջագծում երեկ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն տարածեց առ այն, որ «Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ` կոչված բացառելու բռնությունը ընտանիքում և սոցիալական այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է: Անկախ գոյություն ունեցող արարչաստեղծ կենսաբանական տարբերություններից՝ բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, ինչպես վկայված է Հովհաննես առաքյալի ընդհանրական առաջին նամակում. «Տեսե՛ք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու զավակներ» (Ա Հովհ. 3.1):


Բռնության, ինչպես և ցանկացած չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցառումներով, որոնք պատճառ չեն հանդիսանա նոր մեղքի ու նոր չարիքի: Այս առումով խիստ մտահոգիչ ու անընդունելի են կոնվենցիայում առկա որոշ գաղափարներ ու հասկացություններ»:
Հայ առաքելական եկեղեցին հստակ հայտարարում է. «Եկեղեցու բարոյագիտական ուսուցումների հետ անհամատեղելի են այն բանաձևումները և դրանց մեկնաբանությունները, որոնք կենսաբանական երկու սեռից զատ սահմանում են սեռի այլ տարբերակումներ (Կոնվենցիա, 4-րդ հոդվածի 3-րդ մաս, Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի բացատրական զեկույց, Ստամբուլ, 11.05.2011, հոդված 4, կետ 53, հոդված 60, կետ 313): Հիշյալ սահմանումները, փաստորեն, ճանաչում են անձի՝ անգամ սեփական «սեռը ընտրելու ազատության» իրավունքը: Մարդու իրավունքների և ազատությունների քրիստոնեական ուղղափառ ընկալումը բացառում է մարդու աստվածաստեղծ ինքնության աղճատումը կամ փոփոխությունը»:


Հայ առաքելական եկեղեցին նույնքան հստակ ընդգծում է. «Հաշվի առնելով «սեռն ընտրելու ազատության» կոնվենցիայի ենթատեքստը՝ լուրջ տարակուսանքների և մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև կոնվենցիայի պահանջը մասնակից պետություններից՝ արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` «կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով» (Կոնվենցիա, 12-րդ հոդվածի 1-ին մաս)»:
Հայ առաքելական եկեղեցին իր տագնապն է արտահայտում, որ «Կոնվենցիան մասնավոր հրահանգ է պարունակում նաև, որպեսզի «պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում» ներդրվեն ուսումնական նյութեր՝ առնչված նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» գաղափարին (հոդված 14), առանց հստակեցնելու ուսուցման համար տվյալ եզրաբանության բովանդակությունը»:


Հայ առաքելական եկեղեցին ընդգծում է. «Սեռի նկատմամբ կոնվենցիայի մոտեցումները հակադրության մեջ են նաև ընտանիքի վերաբերյալ Եկեղեցու անփոփոխ վարդապետության հետ, որի վրա խարսխված է ընտանիքի ազգային մեր ընկալումը: Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ ընտանիք կարող են կազմել այրը և կինը, որոնք սուրբ պսակով նվիրագործված ամուսնությամբ դառնում են մեկ մարմին և մեկ ամբողջություն, ինչպես ավանդում է Սուրբ Գիրքը (Ծննդ. 2.24, Մարկ. 10.7-8, Եփես. 5.31): Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը Սուրբ Աստվածամոր օրինակով, գնահատել նրա դերն ու առաքելությունը ընտանիքում, հասարակական և ազգային կյանքում: Տղամարդու և կնոջ միությամբ ընտանիքը, հաստատված սիրո, փոխադարձ հարգանքի ու հասկացողության վրա, հիմնական երաշխիքներից է ազգի հարատևության, անհատի դաստիարակության ու հոգևոր աճի և պետության պատասխանատու քաղաքացու ձևավորման համար: Հետևաբար, ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումները պետք է ելակետ ունենան ընտանիքի սրբության ու նվիրականության բնույթն ու արժեքը:
Արդ, նկատի առնելով, որ ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ` հորդորում ենք հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից»:


Հայ առաքելական եկեղեցին նաև հիշեցնում է. «Հայրենի պետության զորացման և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքի կառուցմանն ի նպաստ կարևորում ենք ընտանիքում և հայրենի կրթական համակարգում հոգևոր, բարոյական և ազգային արժեքներով նոր սերնդի դաստիարակությունն ու կրթությունը, ինչպես նաև այս նպատակով զանգվածային լրատվամիջոցների պատասխանատու գործունեության արդյունավորումը:
Եկեղեցին հովվական իր առաքելությամբ շարունակելու է հոգևոր խնամք ու աջակցություն ցուցաբերել հայ ընտանիքներին` հաղթահարելու ներընտանեկան կյանքի խոչընդոտները և զորանալու ընտանիքի սրբության աստվածապարգև շնորհով:


Մեր աղոթքն է, որ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Իր հանապազ խնամքի ներքո պահի մեր ժողովրդին, ամուր և հարատև սիրով ջերմացնի ընտանիքները և շինություն պարգևի հայրենի մեր պետությանը, արդյունավորի հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթաց կյանքի ներդրված բոլոր ջանքերը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հիմա հասկացա՞ք, թե Նոր Հայաստանին ինչու՞ էր նոր Հայրապետ պետք և իրականում ով կամ ովքեր էին կանգնած աղանդավորական մերժման հետևում, ինչու՞ էին մի խումբ սինլքորներ իրենց իրավունք վերապահում Վեհարան գրավել՝ ոստիկանության համավոր հարսի պահվածքին զուգահեռ: Ինչու՞ էին Վայոց ձորի ճանապարհին հարձակվում ուխտ գնացող Վեհափառի վրա: Ինչու՞ էին այդ սինլքորներից ոմանք բարձր պաշտոններ ստանում ու այդքան փող ունեին: Ինչու՞ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայոց հարյուրավոր արքաներից հիշում ու օրինակելի համարում հենց Պապ թագավորին կամ ինչու՞ Նոր Հայաստանի որոշ պաշտոնյաներ ոչ միայն Անթիլիասն են ջրի ճանապարհ դարձրել, այլև՝ Երուսաղեմը ու նույնիսկ արձակուրդն են այնտեղ անցկացնում: Հակառակ քաղաքական ճնշումներին ու ֆինանսական ոտնձգություններին՝ Հայ առաքելական եկեղեցին մնաց իր բարձրության վրա ու ասում է իր խոսքը: Իդեպ՝ երեկ նաև պարզվեց, որ արդարադատության նոր նախարարն է փորձում մանևրել՝ Ռուստամ Բադասյանը դիմել է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների մասին կարծիք ստանալու համար: Իդեպ՝ Ռուստամ Բադասյանը կարող է դիմել նաև Հռոմի պապին՝ Ֆրանցիսկոս պապը ևս երրորդ սեռը համարում է անհեթեթություն: Բայց դա ևս բոլորովին այլ պատմություն է:

Դիտվել է՝ 9867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ